Skip to content

Latest commit

 

History

History
16 lines (9 loc) · 5.73 KB

Measuring Popularity of Programming Languages.md

File metadata and controls

16 lines (9 loc) · 5.73 KB

Ո՞ր ծրագրավորման լեզուներն են ամենատարածվածը։ Հանրաճանաչության գնահատման տարբեր մեթոդաբանություններ կան, որոնք երբեմն հակասական արդյունքներ են ներկայացնում, պատճառ դառնալով բուռն քննարկումների և բանավեճերի։ Այստեղ կդիտարկենք այդ մեթոդաբանություններից մի քանիսը:

Ծրագրավորման լեզուների հանրաճանաչությունն ամենևին չի ենթադրում, որ դրանք նաև լավագույն լեզուներն են։ Կան շատ հրաշալի լեզուներ՝ կուռ տրամաբանությամբ և գերազանց ճարտարապետական լուծումներով, որոնք հիմնականում չեն էլ հայտնվում հանրաճանաչ լեզուների լավագույն տասնյակում, սակայն ունեն բավականին մեծ երկրպագուների բանակ և ակտիվորեն օգտագործվում են թե՛ ընդհանուր բնույթի, և թե՛ յուրահատուկ, նեղ մասնագիտական բնագավառների խնդիրների լուծման համար։ Օրինակ՝ Go, Scala, Erlang, Haskell և մի շարք այլ մեծարժան լեզուներ։

Ծրագրավորման լեզուների ամենամսյա և տարեկան վարկանիշը ներկայացնող TIOBE-ն իր մեթոդաբանությունն օրինակ կառուցում է տարածված որոնողական համակարգերի՝ ծրագրավորման լեզուների անվան հիշատակումով որոնումների արդյունքների վրա։ Օգտագործվում են Google, Bing, Yahoo, Wikipedia, Amazon, YouTube և Baidu ընկերությունների ներկայացրած տվյալները։ Yandex որոնողական համակարգի տվյալները չեն օգտագործվում, ինչը որոշակի փոքրիկ շեղումներ կարող է առաջացնել իրական պատկերից, քանի-որ օրինակ Ռուսաստանի, Միջին Ասիայի կամ Հարավային Կովկասի երկրներում՝ այդ թվում նաև ՀՀ-ում, Yandex որոնողական համակարգը բավականին շատ է օգտագործվում։

Github-ի (IT նախագծերի հոսթինգի և դրանց համատեղ մշակման համար նախատեսված խոշորագույն վեբ ծառայության) վարկանիշային աղյուսակը հաշվի է առնում դրա մեջ տարբեր ծրագրավորման լեզուներով ստեղծված ռեպոզիտորիաների քանակությունը։

IEEE Spectrum-ի ներկայացրած՝ ծրագրավորման լեզուների վարկանիշային աղյուսակի ստեղծման մեթոդաբանությունը հիմնվում է 10 տարբեր աղբյուրներից (Google որոնում, Google Trends, Twitter, GitHub, StackOverflow, Reddit, Hacker News, CareerBuilder, Dice, IEEE Xplore Digital Library) ստացված տվյալների մշակման վրա։

PYPL-ի ներկայացրած վարկանիշի մեթոդաբանությունը հիմնվում է բացառապես google որոնողական համակարգից ստացված տվյալների մշակման վրա։

StackOverflow-ի մեթոդաբանությունը հիմնված է այդ չափազանց հայտնի հարթակի մեջ ծրագրավորման լեզուների անվանման հիշատակումների, տվյալ ծրագրավորման լեզվին վերաբերվող հոդվածների ու խնդիրների քանակի և օգտատերերի հարցումներից ստացված տվյալների վրա։

Բոլոր ներկայացված վարկանիշային աղյուսակներում հիմնականում նույն պատկերն է, սակայն որոշ լեզուների դեպքում լինում են հակասական արդյունքներ։ Հետաքրքիր է C և Python լեզուների շատ բարձր վարկանիշը։ Դա մասնավորապես բացատրվում է նրանով, որ արևմտյան մի շարք խոշոր ուսումնական հաստատություններում C-ն օգտագործվում է որպես բազային ուսումնական լեզու computer science-ի մասնագիտությամբ ուսանողների համար, իսկ Python-ն իր համեմատաբար պարզ սինթաքսի շնորհիվ նույն այդ ուսումնական հաստատություններում օգտագործվում է որպես բազային ուսումնական լեզու՝ այլ մասնագիտություն ընտրած, սակայն computer science-ին մակերեսայնորեն ծանոթանալ ցանկացող ուսանողների համար ։ Դա բնականաբար իր հետ բերում է այդ լեզուների վերաբերյալ տասնյակ հազարավոր հարցումների որոնողական համակարգերում և հիշատակումների սոցիալական ցանցերում, ինչի հետևանքով երկու լեզուների վարկանիշն էլ կտրուկ աճում է։ Տեսանյութում կարող եք ծանոթանալ հանրաճանաչ ծրագրավորման լեզուների վարկանիշային դինամիկան 1965-2022 թվականներին՝ ըստ եռամսյակների։